Ուկրաինայում «Բայրաքթարի» գործարանը կարող է գործարկվել 2023 թվականին. դեսպան

«Բայրաքթար» ԱԹՍ
Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ սարքավորումների առաքման որոշ խնդիրներ կան, բայց հույս ունի, որ առաջիկա ամիսներին այս հարցում առաջընթաց կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը կարող է գործարկվել 2023 թվականին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ թուրքական «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում նույնանուն անօդաչու սարքերի արտադրության գործարան կկառուցի, ընկերությունն իբր արդեն գրանցվել է և հողատարածք գնել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ եթե Ուկրաինայում թուրքական անօդաչուների արտադրության գործարան հիմնվի, ապա այն կհայտնվի ապառազմականացման տակ։
Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ ընկերությունն արդեն սկսում է գործարանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։
«Տեխնիկայի մատակարարման և շինարարության համար ընկերություն ընտրելու հետ կապված որոշ նրբություններ կան: Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին մենք որոշակի առաջընթաց կտեսնենք այս հարցում: Շինարարությունը կարող է տևել մի քանի ամիս, իսկ գործարանի գործարկումը կարող է լինել թերևս 2023 թվականի վերջում»,- ասել է Բոդնարը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։
Թուրքիան երբեք «Բայրաքթար» չի վաճառի Ռուսաստանին․ ընկերության տնօրեն
Նշենք, որ 2018-2020 թվականներին Ուկրաինան թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ ներմուծեց, իսկ 2021 թվականի վերջից արդեն սեփական արտադրություն սկսեց, սակայն մանրամասները հայտնի չեն։
Հիշեցնենք` «Բայրաքթարները» լայն ճանաչում ձեռք բերեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ուկրաինայում կսկսեն «Բայրաքթարի» պատկերով տարազ վաճառել