Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող գերիների ծնողներին որևէ մեկը չի ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ նրանք դեռ երեկվանից կառավարության շենքի առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց` երեկ իրենց պահանջը լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մեկը չի ընդունել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, տղամարդը մանրամասներ չնշեց. դեռ կազմակերպչական հարցեր կան քննարկելու, որից հետո կորոշեն իրենց անելիքը։
ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողական քաղաքականություն. Սահակյան
Շիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին` Խծաբերդում, եռակողմ հայտարարությունից հետո։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։
Գերիների ծնողները, այլ հարազատներ քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով գերիների թիվը շատ ավելին է։