ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ԱՄՆ–ին կոչ է անում շարունակել փոխգործակցել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍԿՊ) շրջանակում ստուգումներն անհապաղ վերսկսելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան Վաշինգտոնի գործողությունների պատճառով որոշել է ժամանակավորապես դադարեցնել ռուսական օբյեկտներում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շրջանակում իրականացվող տեսչական ստուգումները։
«ԱՄՆ–ին հորդորում ենք հրաժարվել գործին օգուտ չբերող, անարդյունավետ գործողություններից և շարունակել սերտ փոխգործակցությունը` իրատեսական և իրավահավասար հիմունքներով պայմանագրով նախատեսված տեսչական միջոցառումները հնարավորինս շուտ վերսկսելու նպատակով», – ասել է փոխարտգործնախարարը։
Ըստ նրա` դա բխում է երկու կողմերի շահերից։
ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել էր Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին։ Այն փոխարինել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին 1991 թվականի պայմանագիրը։
2021 թվականի փետրվարի 3-ին Մոսկվան և Վաշինգտոնը նոտաներ փոխանակեցին ներքին ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի ուժի մտնի պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին համաձայնագիրը։