ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա Կիևի նոր հարձակումների ֆոնին Մոսկվան հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն կուղարկի կայան և պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Հուսով ենք, որ ներկա իրավիճակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կգիտակցի իր ողջ պատասխանատվությունը և իրեն հաշվետու քարտուղարության դեպարտամենտի կամ ՄԱԿ-ի մեխանիզմի այլ օղակների միջոցով չի խոչընդոտի ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը: Մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել բոլոր կազմակերպչական հարցերի լուծմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան այցելելու հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը մշակվել են, սակայն ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում չեն համաձայնեցրել ուղևորությունը:
«Գործակալության հետ սերտ շփումների արդյունքում մեզ հաջողվել էր լուծել բոլոր բարդ հարցերը, որոնք կապված են ներկայիս պայմաններում նման բարդ միջոցառման կազմակերպման ու անցկացման հետ։ Սակայն վերջին պահին ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտը «կարմիր լույս» վառեց։ Այցը չկայացավ։ Կիևի իշխանությունն օգտվեց դրանից սադրանք կազմակերպելու ու ատոմակայանը գնդակոծելու համար», - ընդգծել է նախարարությունը։
Օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին, Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն էներգաբլոկների թվով և սահմանված հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Կայանում վեց ВВЭР-1000 էներգաբլոկ է տեղադրված, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 1 գիգավատտ է։ 1984-1987 թվականներին շահագործման են հանձնվել առաջին չորս էներգաբլոկները, 1989 թվականին` հինգերորդը, 1990 թվականին գործարկմանն ամբողջությամբ պատրաստ վեցերորդ էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1996 թվականին։
Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը մարտ ամսից ապահովում են ՌԴ զինվորականները։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ դա նպատակահարմար է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից։ Գերատեսչությունում հիշեցրել են նաև, որ կայանը ներկա պահին ուկրաինական օպերատոր է կառավարում։