Պապիկյանը ՀՀ-ում և Արցախում արձանագրվող զարգացումները ներկայացրել է Բելառուսի դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում վերջին օրերին արձանագրվող զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՊՆ-ի` քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ծրագրված միջոցառումների ընթացքը:
Հիշեցնենք` օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը։
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։