ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն պետք է դուրս բերի միջուկային զենքը երրորդ երկրներից։ ՄԱԿ-ում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին։
Դիվանագետն ընդգծել է` ՆԱՏՕ-ն բացահայտ հայտարարում է, որ միջուկային դաշինք է, իսկ ԱՄՆ-ի միջուկային զենքը գտնվում է ոչ միջուկային երկրների տարածքում, որոնք մշակում են դրա կիրառումը:
Վիշնևեցկին դա անվանել է անվտանգության վրա բացասաբար ազդող գործոն, որը մեծացնում է միջուկային հակամարտության ռիսկը և զինաթափման արգելակ դառնում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի AUKUS դաշինքը նախադրյալներ է ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի համար: