Ղրիմի պայթյունների հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը` տուժել

Պայթյուններ Ղրիմում
Ղրիմի պայթյուններից հետո հինգ տուժած, այդ թվում` մեկ երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Նովոֆյոդորովկայում պայթյունների հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Ավելի վաղ Ղրիմի առողջապահության նախարար Կոնստանտին Սկորուպսկին հայտնել էր, որ պայթյունից հինգ տուժած, այդ թվում` մեկ երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։

«17:30-ի դրությամբ Սակիի հիվանդանոց է տեղափոխվել 5 տուժած, որոնցից մեկը երեխա է։ Չորս հոգու ապակիների բեկորներից ստացված քերծվածքների հետ կապված ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։ Հինգերորդը գտնվում է վիրահատարանում, նրան վիրահատում են կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքի պատճառով։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ այս պահին չի սպառնում»,- ասել է նա։

Սկորուպսկիի խոսքով` չորս տուժածները բուժօգնություն ստանալուց հետո տուն են ուղարկվել։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով` Սաքիի օդանավակայանում այսօր զինամթերք է պայթել, ոչ ոք չի տուժել, ավիացիոն տեխնիկան չի վնասվել, պատճառները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ղրիմի արևմտյան ափին մի քանի պայթյուն է որոտացել։