ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լեհաստանը նախկինի պես առաջատարն է Ուկրաինայում սեփական վարձկանների նվազման արագությամբ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ուկրաինայում վարձկանների նվազման տեմպերով առաջվա պես առաջատար է Լեհաստանը։ Ոչնչացվել է 99 մարդ, դուրս է եկել 146 զինյալ»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, գերատեսչության տվյալներով, Ուկրաինայում վարձկանների թիվը չորս շաբաթվա ընթացքում 2741-ից կրճատվել է մինչև 2192, ընդ որում՝ ոչնչացվել է 335 զինյալ, իսկ ժամանողների թիվը կորուստները չի փակում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հետևել մարտական գործողություններին մասնակցելու համար Ուկրաինա ժամանած օտարերկրյա վարձկաններին և մասնագետներին:
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում խոցվել է երկու հրետանային մարտկոց, այդ թվում՝ М777А2 ամերիկյան հաուբիցներ՝ Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունում։ Բացի այդ, ճնշվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու կրակային դասակ, ինչպես նաև ինքնագնաց և քարշակվող հաուբիցների վեց հրետանային դասակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին անցած օրվա ընթացքում խոցել են կառավարման երկու կետ և ուկրաինացի զինվորականների զինամթերքի երեք պահեստ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Դոնեցկի, Նիկոլաևի և Խերսոնի մարզերում գտնվող զինամթերքի երեք պահեստներին: Բացի այդ, 123 շրջաններում խոցվել է ուկրաինացի զինվորականների կենդանի ուժ և ռազմական տեխնիկա։
«Մեծ հեռահարության ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվել զինամթերքի խոշոր պահեստին՝ Չերկասի մարզի Ուման բնակավայրի շրջանում։ Ոչնչացվել է HIMARS համազարկային կրակի համակարգերի ավելի քան 300 ռեակտիվ արկ, ինչպես նաև ամերիկյան M777 հաուբիցների մեծ քանակությամբ զինամթերք»,- հաղորդել է գերատեսչությունը:
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով նախորդ մեկ օրում խոցվել է Ուկրաինայի օդուժի մեկ ՄիԳ-29 ինքնաթիռ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Խոցվել է նաև ուկրաինական երեք ԱԹՍ՝ ԴԺՀ-ում և Խարկովի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 167-րդ օրը։