ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կանադացի սենատոր Լեո Հուսակոսն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիային` միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել այն։
«Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, և ես կոչ եմ անում Կանադային և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,– կանադացի քաղաքական գործիչը գրել է Twetter-ի իր միկրոբլոգում:
Նա նաև նշել է, որ այս վերջին հարձակումն ամենաթարմ օրինակն է 2020թ–ի նոյեմբերին կնքված հրադադարից ի վեր։
Սենատորն իր միկրոբլոգում հրապարակել է նաև Արցախի խորհրդարանի հայտարարությունը` ուղղված Ադրբեջանի ագրեսիայի դեմ, որում Արցախի քաղաքական ուժերը նույնպես կոչ են անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։