ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» հետ վերադառնալիս ուշագնաց է եղել, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօր Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ Քիչ առաջ տեղեկացա, որ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ հետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Այնուհետեւ պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել նրա մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ»,- գրել է Ալեքսանյանը։
Նա հիշեցել է, որ Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով։
Փաստաբանը նշել է նաև, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման և նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուստի, անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ըստ փաստաբանի, կրելու է դատավորը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Հավելենք, որ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։