Հնագույն ձեռագրերի վերականգնում. Դումանյանն ընդունել է Իրաքյան Քրդստանի իր գործընկերոջը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը։
Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Մատենադարան, Գառնիի տաճար և Գեղարդավանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել Իրաքյան Քրդստանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին ցուցաբերած օգնության համար ու պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը:
Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ երկու ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ, արժեքներ և համագործակցության ավելի մեծ ներուժ:
Կողմերը բարձր են գնահատել Իրաքյան Քրդիստանի հայ համայնքի ներդրումն ինքնավարության հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։
Վահրամ Դումանյանը նաև բարձր է գնահատել Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգնման շուրջ համագործակցությունը։ «Վստահ եմ, որ փոխհամագործակցության նախաձեռնություններ կարող են իրականացվել նաև հնագույն ձեռագրերի պահպանման և վերականգնման բնագավառում, որի մեկնարկը տրվել է 2021 թ. սեպտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում իրականացված վերապատրաստման ծրագրի շրջանակում, որին մասնակցել են Էրբիլում գործող Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի մասնագետները»:
Մուհամմադ Սաիդ Ալին նշել է, որ «Իսլամական պետության» զինյալների վնասած, իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերելու Մատենադարանի մասնագետները:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Իրաքյան Քրդստանի իշխանություններին՝ Էրբիլի Միջնաբերդի վերածնունդ պատմական ամրոցում հայկական մշակութային կենտրոն հիմնելու նպատակով շենք հատկացնելու համար։
Հայկական կողմը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքյան Քրդստանում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:
Նշենք, որ Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Գառնիի տաճարում և Գեղարդավանքում:
Իրաքյան Քրդստան արտագաղթած 250 հայ ընտանիքներ մարդասիրական աջակցության կարիք ունեն