ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ այսօր ժամը 20:00-ից մինչև վաղը 20:00-ն ահաբեկչության վտանգի բարձր («դեղին») մակարդակ է սահմանել։
Այն կգործի Արմյանսկ, Ջանկոյ, Կրասնոպերեկոպսկ շրջանների քաղաքային տարածքներում և կտարածվի տրանսպորտի նախարարության, բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության, առողջապահության նախարարության, վառելիքի և էներգետիկայի նախարարության, արդյունաբերական քաղաքականության նախարարության և Ղրիմի ջրային տնտեսության պետական կոմիտեի օբյեկտների վրա:
«Սա բացառապես պրոֆիլակտիկ քայլ է, քանի որ տարածաշրջանի իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»,– գրել է Ղրիմի ղեկավարն իր Telegram-յան ալիքում:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ այսօր կեսօրին Ղրիմի «Սակի» օդանավակայանում զինամթերք է պայթել, ավիացիոն տեխնիկան չի վնասվել։
Ղրիմի առողջապահության նախարարության ղեկավար Կոնստանտին Սկորուպսկին հայտնել է, որ պայթյուններից 1 մարդ է մահացել, 6-ը` տուժել, որոնցից մեկը երեխա է։