Ֆրանսիայում 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար տարածք ոչնչացրած հրդեհի պատճառով

Ֆրանսիա. հրդեհ. Արխիվային լուսանկար
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մարդիկ ստիպված կլինեն թաքստոցում մնալ մինչև իշխանությունների հաջորդ կարգադրությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի հարավում գիշերը 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար բուսականություն ոչնչացրած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ավերոն դեպարտամենտի պրեֆեկտուրային:
Տարհանումն ընթացել է ամբողջ գիշեր. 01։00-ից մինչև 03։00-ը 1200 մարդ տեղավորվել են ապաստարանում։ Բոլոր տարհանվածները պետք է այնտեղ մնան և չեն կարող տուն վերադառնալ մինչև իշխանությունների նոր կարգադրությունը։
Տարհանմանը ներգրավվել են ցամաքային ստորաբաժանումները։ Ըստ պրեֆեկտուրայի, տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ից սկսած աջակցության համար կգործարկվեն քաղաքացիական անվտանգության օդային ստորաբաժանումները:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հրդեհը ոչնչացրել է 700 հեկտար բուսականություն, դրա մարման գործում ներգրավվել է 600 հրշեջ, հայտնել է France Bleu ռադիոն:
Ֆրանսիայում սկսվել է շոգի չորրորդ ալիքը։ Անոմալ բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի։