ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանում յոթերորդ տարին անընդմեջ նորածինների ամենատարածված անուններն են Դավիթն ու Նարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ամփոփելով 2022 թվականի առաջին վեց ամիսների տվյալները։
Նշվում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 7813 աղջիկ, ինչը 436-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել է նաև լույս աշխարհ եկած տղաների թիվը. հունվարից մինչև հունիս ծնվել է 8698 տղա։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 264-ով պակաս է։
Հունվարից հունիս ամիսներին 590 տղայի անվանել են Դավիթ, 319 աղջկա՝ Նարե։
Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է Նարեկ անունը։ Նշված ժամանակահատվածում Նարեկ են անվանել 432 տղաների։ Ի դեպ, այս անունը յոթերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է պատվավոր երկրորդ տեղը։ Աղջիկների համար անունների երկրորդ հորիզոնականում Արփին է, որին նախապատվություն են տվել 244 աղջիկների ծնողներ։ Նախորդ տարի Արփի անունը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը։
Երրորդ տեղում Հայկ (290) և Մարիա (233) անուններն են, չորրորդում՝ Մոնթե (286) և Մանե (219)։
Հինգերորդ հորիզոնականում են Արեգը (253 ) և Անահիտը (188), վեցերորդը` Տիգրանը (242) և Լյուսին (181): Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում են Միքայելը (238) և Մարիամը (176), ութերորդը՝ Մարկը (222), Անգելինան (176): Վարկանիշային աղյուսակի իններորդ և տասներորդ տեղերը համապատասխանաբար կիսում են Դանիելը (202), Ալեքսը (189) և Մարին (168), Եվան (147):
Վարկանիշային ցուցակի 50 անունների ցանկում ներառված են նաև Անի, Աննա, Լուսե, Միլենա, Արիանա, Սոֆի, Յանա, Նանե, Տաթև, Ադրիանա, ինչպես նաև Ռոբերտ, Գոռ, Արթուր, Լեո, Արամ, Արեն, Արմեն, Հովհաննես , Սամվել, Աշոտ և այլ անուններ։
Նշենք, որ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնված երեխաների թիվը կազմել է 16511, ինչը 700-ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Միաժամանակ 220 երեխա ծնվել է մահացած։