Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների կոթողները կտարհանվեն Արցախ, որոշները` Հայաստան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնէաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների մշակութային ժառանգության ճակատագրին։
Sputnik
Ադրբեջանի քաղաքականությունն այսօր միտված է իրենց կողմից հորջորջված «օկուպանտական հուշարձանների» վերացմանը, և եթե Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների մշակութային կոթողները մնան իրենց տեղում, ապա միանշանակ ադրբեջանցիների կողմից կենթարկվեն ոչնչացման կամ ձևափոխման, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հնէաբան, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը օգոստոսի 5-ին տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են ճանապարհը
«Արցախի իշխանությունները որոշում են կայացրել Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների մշակութային կոթողները տարհանելու մասին, ընդ որում` դրանց մեծ մասը տեղափոխվելու են այլ տարածք Արցախում։ Խոսքը վերաբերում է անկախության տարիներին կանգնեցված հուշարձաններին։ Դրանց տեղափոխման աշխատանքներում, բացի Արցախի իշխանություններից, ակտիվորեն ներգրավված են նաև անհատ քաղաքացիներ, ովքեր անձամբ խաչքարեր ու կոթողներ են կանգնեցրել վերոհիշյալ համայնքներում»,– տեղեկացրեց Պետրոսյանը։
Նրա խոսքով` խնդրահարույց է Բերձորի Սուրբ Համբարձում և Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցիների հարցը, ի՞նչ պետք է անել` թողն՞ել, թե՞ քանդել և տեղափոխել, սակայն այդ հարցում դեռ վերջնական որոշում չկա։ Ըստ նրա` Բերձորի եկեղեցին ունի արվեստի շատ հայտնի մի գործ` քանդակազարդ շքամուտքի որմը, իսկ պատերը ժամանակին ճարտարապետորեն ձևավորվել են նաև խաչքարերի ներդրմամբ և հիմա դեռ հայտնի չէ` քանդակազարդ քարերն ու խաչքերերը հանվելու՞ են, թե՞ ոչ։ Պետրոսյանի փոխանցմամբ` ադրբեջանական ինչ–որ կազմակերպություն տարածել է Սուրբ Համբարձում եկեղեցու լուսանկարն ու հայտարարել, որ պատրաստվում են այն վերածել մզկիթի։
«Ինչպես էլ հայերը վարվեն, միևնույն է, հուշարձանները ենթարկվելու են կա՛մ ոչնչացման, կա՛մ ձևափոխման։ Սա նույնպես պատերազմում պարտված հայկական կողմին հոգեբանորեն ճնշելու հիմնական լծակներից մեկն է»,– ասաց հնէաբան–պրոֆեսորը։
Պետրոսյանի տեղեկացմամբ` թեև կոթողների և հուշարձանների իրավատերն Արցախի իշխանություններն են, բայցևայնպես դրանցից որոշները, հատկապես անձնավորված կոթողները, այուամենայնիվ կտեղափոխվեն Հայաստան, և այդ պրոցեսն արդեն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու բակում կան բազմաթիվ խաչքարեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, Բերձորի հուշահամալիրի տարածքում կան խաչքարեր՝ զոհված ազատամարտիկների հիշատակին, Աղավնո դպրոցի գյուղի բակում կան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր, նաև բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ։