ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագրերի վավերացման մասին արձանագրությունները։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական միջոցառման ժամանակ։
Մինչ փաստաթղթերի տակ իր ստորագրությունը դնելը ԱՄՆ նախագահը հանդես է եկել ելույթով, որում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին կոչ է արել հնարավորինս շուտ հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի`Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտերին։
Նշենք, որ մինչ այս դաշինքի անդամ 30 երկրներից 22-ն արդեն վավերացրել էին համաձայնագրերը։ ԱՄՆ-ը դարձավ 23-րդ երկիրը։
Համաձայնագրերը դեռևս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Հունգարիան ու Թուրքիան։
Հիշեցնենք` ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները հունիսի 29-ին կայացած գագաթնաժողովում Շվեդիային և Ֆինլանդիային պաշտոնապես հրավիրեցին դաշինքին անդամակցելու։ Դա հնարավոր դարձավ Թուրքիայի հետ բանակցությունների մի քանի փուլից հետո, երբ Անկարան վերացրեց իր առարկությունները։ Երկրները պայմանավորվեցին խորացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվեցին չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO)։
Բացի այդ, ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները մադրիդյան գագաթնաժողովում հաստատեցին դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում Ռուսաստանը ճանաչվեց անվտանգության «ամենաէական և անմիջական սպառնալիք»։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Ռուսաստանին թշնամի հայտարարելու որոշումը Եվրոպայում կհանգեցնի լարվածության սրացման ու անվտանգության ապակայունացման և հակասում է Ռուսաստան–ՆԱՏՕ հիմնարար ակտին։