Արցախում պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել. նրանց վիճակը գնահատվում է ծանր

Վիրավորում են ստացել Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ 2 պայմանագրային զինծառայողներ, տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
Մասնավորապես, վիրավորում են ստացել Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
Միաժամանակ, օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
«Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին ձեռնարկվում են իրավիճակի հետագա կայունացման քայլեր։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։