ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքը Զապորոժիեի մարզում կամուրջ է ականապատել և պատրաստվում է պայթեցնել այն, որպեսզի մեղադրի Ռուսաստանի զինված ուժերին: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Հավաստի տեղեկություններ կան, որ ուկրաինական զինված կազմավորումների գրոհայինները Զապորոժիեի մարզի Վասինովկա քաղաքում ականապատել են գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը, որը պատրաստվում են պայթեցնել և արդեն մշակված սցենարով, ուկրաինական ու արևմտյան ԶԼՄ-ների միջոցով ռուսական ստորաբաժանումներին մեղադրել տրանսպորտային ենթակառուցվածքի կարևոր օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ», - ասել է գեներալը:
Նա նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղակայել Դոնեցկի Կրասնոտորկայում գտնվող մասնավոր տների մոտակայքում և այնտեղից գնդակոծում են ռուսական զինված ուժերի դիրքերը՝ պատասխան կրակ հրահրելով:
Գրոհայինները տեղի բնակիչներին թույլ չեն տալիս դուրս գալ տներից և նրանց որպես կենդանի վահան են օգտագործում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։