Ուկրաինայի ԶՈւ-ն Խերսոնում Անտոնովի կամրջին է հարվածել

ՌԴ զինծառայողները Խերսոնում. Արխիվային լուսանկար
Հարվածը կամրջին լուրջ վնաս չի հասցրել, հիմնական կառուցվածքը չի տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ն Խերսոնում հրթիռային հարված է հասցրել Անտոնովի կամրջին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Մեկ հարված է եղել, ինչի հետևանքով շինարարական կրպակ և բետոնախառնիչ է այրվել։ Վնասվել է երթևեկելի մասը, հետագա վերականգնման կարիք կա»,- ասել է ղեկավարի տեղակալը։

Նա հավելել է նաև, որ հարվածի հետևանքով լուրջ վնաս չի հասցվել, հիմնական կառուցվածքը չի տուժել։ Ուկրաինական բանակի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգով։ Հարվածել են HIMARS ՀԿՌՀ-ից։
«Կամուրջն անպայման կվերականգնենք, և երթևեկությունը կվերսկսվի»,- վստահեցրել է Ստրեմոուսովը։
Ուկրաինական զորքի հերթական գրոհից հետո Խերսոնը մարզի ձախափնյա հատվածին միացնող Անտոնովի կամուրջն ավելի վաղ փակվել էր վնասվելու պատճառով։ Վերականգնողական աշխատանքը նախատեսվում էր ավարտին հասցնել այս շաբաթ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։