Պեսկովն ասել է` երբ հնարավոր կլինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բարձր մակարդակի բանակցությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիայի նախագահի առաջարկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն բանակցողների կողմից «տնային աշխատանքը» կատարելուց հետո, այնպես որ առայժմ այդ հանդիպման նախադրյալներ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ։
«Նախագահների բարձր մակարդակի հանդիպմանը նպաստող բանակցող պատվիրակությունների տնային աշխատանքը կատարված չէ», - ասել է Պեսկովը։
Դրա համար էլ, ըստ նրա, Էրդողանի հիշատակած հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ ներկա պահին չկան։
Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում գնահատում են Թուրքիայի նախագահի ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային գործընթացը կազմակերպելու համար, սակայն ուկրաինացի բանակցողների պատվիրակությունը «հեռացել է նպատակից»:
"Այս առումով այժմ որևէ բանակցային գործընթաց չկա",-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաև հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է մինչեւ սահմանված նպատակների իրականացումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։