Մի շարք զինծառայողներ սմարթֆոններ օգտագործելու համար ՌՈ բաժիններ են տեղափոխվել. ՊՆ

Ռազմական ոստիկանության աշխատակից
Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ սմարթֆոններ օգտագործելու համար ՌՈ բաժիններ են տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:
Հիշեցնենք` զորամասերում մշտական տեղակայման վայրերում զինծառայողները կարող են օգտվել հեռախոսներից, բայց այնպիսի սարքերից, որոնք չունեն ձայնագրման, տեսագրման, լուսանկարման և ինտերնետ ծառայություններից օգտվելու հնարավորություններ, քանի որ հիմնական արտահոսքը կատարվում է այս միջոցներով։
Եթե հեռախոսը չունի այդ հնարավորությունները, ապա հարազատների հետ կապ հաստատելու համար զինվորները կարող են օգտվել սարքից։