Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան է վաճառվում Երևանի փողոցներում

Ջրաշուշան. Արխիվային լուսանկար
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, ծաղիկները, պտուղներն ինքնագլուխ հավաքողը տուգանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է` բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան։
Նաև համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների արած լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգերը։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, և պահպանումը կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղներն ինքնագլուխ հավաքելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: