Կանգնե՛ք արցախցու կողքին. ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է

Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
Նախաձեռնության անդամները համոզված են, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային կառույցների և միջազգային խաղաղապահների օգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները այս պահին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության մոտ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ Նրանք կառավարությունից պահանջում են մի կողմ դնել հանձնողական քաղաքականությունը, զբաղվել արցախցիների իրավունքների ու սեփականության պաշտպանությամբ։
«Մարդիկ թողնելու են իրենց տները, որոնց համար ավելի քան 30 տարի պայքարել են ողջ ազգի հետ։ Այժմ իրավական հիմք չունեցող մեկ որոշումով ուզում են մարդկանց դուրս բերեն Բերձորից, Աղավնոյից, Սուսից և ճանապարհը փոխարինել։ Նշում են, որ դա պետք է անել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետով, սակայն դրանց մասին տվյալ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա»,– ասաց նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը։
Նրա խոսքով` կառավարության վարած այս քաղաքականությունն իրենց համար ընդունելի չէ։
«Խաղաղության դարաշրջանը մարդկանց իրենց տնից հանե՞լն է, հայաթափե՞լն է։ Ո՛չ, դա այն է, երբ մարդկանց ապրելու ու զարգանալու հնարավորություն են տալիս հենց իրենց բնակավայրում։ Այսօր ես մի կոչ ունեմ` կանգնեք արցախցու կողքին»,–ասաց նա։
Նախաձեռնության անդամների համոզմամբ` խնդիրը պետք է լուծվի միջազգային կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի Խմբի և միջազգային խաղաղապահների օգնությամբ։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։