Հյուսիսային պողոտայի քաղցրավենիքի խանութից սպառնալիքով գումար են հափշտակել

Հյուսիսային պողոտա. Արխիվային լուսանկար
Ավազակության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայի քաղցրավենիքների խանութում, ավազակության դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ անձ է ձերբակալվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա 540 000 դրամ գումարը։ Ավազակություն կատարողը դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` ավազակության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է. ըստ ՔԿ-ի հաղորդագրության, նա Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: