ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական ԶՈւ–ի կողմից գնդակոծության ենթարկվելուց հետո Զապորոժիեի ատոմակայանի երկու էներգաբլոկներն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ։ Հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։
«Կայանը նորմալ ռեժիմում է, երկու ռեակտորներ չեն աշխատում ամբողջ հզորությամբ, այսօր դրանք վերահսկվում են ռուսական կառույցների կողմից՝ կայանի աշխատակիցների հետ համագործակցությամբ»,- ասել է Բալիցկին «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտարարել էին, որ Կիևի զորքը շաբաթ լույս կիրակի գիշերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարվածներ է հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա։
Բացի այդ, հայտնել էին նաև, որ Էներգոդարի վարչակազմի տեղեկություններով` օգոստոսի 5-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ կրակել են մի քանի անգամ։ Քաղաքի վարչակազմից փոխանցել են, որ էներգաբլոկի վնասման պարագայում Կիևի հարվածները կարող են սպառնալ Ուկրաինայի, Եվրոպայի, ինչպես նաև Ասիայի հարյուր հազարավոր բնակիչների կյանքին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները շարունակում են խոչընդոտներ ստեղծել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության համար, որպեսզի վերջինները չկարողանան Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակի օբյեկտիվ միջազգային վերահսկում իրականացնել։
Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ՌԴ զինվորականների վերահսկողության ներքո է։