ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գնորդը հրաժարվել է ուկրաինական հացահատիկից, որը «Razoni» նավով տեղափոխում էին Տրիպոլիի նավահանգիստ (Լիբանան)։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով Բեյրութում Ուկրաինայի դեսպանությանը։
Որպես մերժման պատճառ նշվում է այն, որ բեռի առաքումն ուշացել է ավելի քան հինգ ամսով:
Նշվում է, որ հիմա նավը կանգ է առել Թուրքիայի հարավային ափի մոտ։ Մատակարարը նոր գնորդ է փնտրում:
«Razoni»-ն ուկրաինական ցորենով բեռնված առաջին բեռնանավն է, որը դուրս է եկել Օդեսայից սևծովյան նավահանգիստների ապաշրջափակման համաձայնագրի շրջանակում:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: