ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկ շաբաթում 30 արձանագրություն են կազմել մայրաքաղաքի փողոցներում անօրինական առևտրի դեմ պայքարի շրջանակում։ Այդ մասին հաղորդվել է այսօր կայացած գործավարական խորհրդակցության ժամանակ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ևս 81 արձանագրություններ քննարկման փուլում են։
Թեժ գծին ստացվել է 8 ահազանգ ապօրինի առևտրի մասին, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիք և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքն աճում է մինչև 200 հազար դրամ:
Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։