Երևանի քաղաքապետարանը 15 տրոլեյբուս կգնի

Տրոլեյբուս. Արխիվային լուսանկար
Քաղաքային իշխանությունները նախատեսում են թարմացնել տրոլեյբուսային պարկը, որի արդյունքում տրանսպորտային 30 միավոր կփոխարինվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը համայնքի միջոցների հաշվին մտադիր է ևս 15 նոր տրոլեյբուս ձեռք բերել։ Այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Ավելի վաղ քաղաքային իշխանություններն արդեն հայտարարել էին 15 տրոլեյբուս գնելու մասին։ Պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնց շահագործման ամենաերկար ժամկետը 44 տարին է, «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։
Սարգսյանի պարզաբանմամբ` բարեփոխումների արդյունքում տրոլեյբուսային պարկը կհամալրվի 30 նոր տրանսպորտային միջոցներով։
Բացի այդ` ավարտվել է 150 նոր ավտոբուսների գնման համար նախատեսված մրցույթը։
«Մրցույթի հաղթող ունենք արդեն», – ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները արդեն իսկ պայմանագիր են կնքել MAN մակնիշի (12 մետրանոց) 87 գերմանական ավտոբուս ձեռք բերելու համար։
Երևանում տրանսպորտային նոր ցանցի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ, գործընթացը կարող է տևել շուրջ 3 տարի։ 2021 թվականին ընդհանուր առմամբ Երևան է բերվել փոքր և միջին դասի 311 ավտոբուս։