ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվական բաժնից։
Այդպիսով, դատարանը բավարարել է դատախազության բողոքը։
Միաժամանակ, Azdarar.am-ից տեղեկանում ենք, որ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։ Սեդրակյանը դատախազություն է հրավիրվել օգոստոսի 11-ին։
Հիշեցնենք, որ հուլիսին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության 11-րդ հայցադիմումը։ Այն վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանից («Սերժի Վաչո») և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույք ու ակտիվներ բռնագանձելուն։