Բելգորոդի մարզում ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը երկարաձգվել է

Բելգորոդը հրթիռակոծությունից հետո. Արխիվային լուսանկար
Ուկրաինային սահմանակից ռուսական մարզում հատուկ ռեժիմը կգործի ևս երկու շաբաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի իշխանություններն ահաբեկչական վտանգի բարձր («դեղին») մակարդակը երկարաձգելու որոշում են կայացրել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ուկրաինայի սահմանի ռուսական մարզում նման ռեժիմ կգործի ևս երկու շաբաթ, այն կտևի մինչև օգոստոսի 22-ը։

Մինչ այդ Բելգորոդի մարզում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակը երկարաձգվել էր հուլիսի 24-ին։ Այն ժամանակ Գլադկովը տեղի բնակիչներին հորդորել էր պահպանել զգոնությունն ու ուշադիր լինել։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի դասակարգումից պարզ է դառնում, որ վտանգի «դեղին» մակարդակ է կիրառվում այն դեպքում, երբ ահաբեկչության սպառնալիքի մասին իրական տեղեկություն է լինում։

Օգոստոսի 7-ին նման ռեժիմը երկարացվել է Սևաստոպոլում. ի սկզբանե այն սահմանել էին Սևծովյան նավատորմի շտաբում տեղի ունեցած պայթյունից հետո։ Վտանգի բարձր մակարդակը քաղաքում կգործի մինչև օգոստոսի 14-ը։