Անսպասելի է արդյունքը, քանի որ խաղում ենք առանց Արոնյանի. Սարգսյանը` Ադրբեջանի թիմի մասին

Գաբրիել Սարգսյան
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի խոսքով` Ադրբեջանի դեմ պայքարը միշտ էլ նյարդային է լինում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայ շախմատիստների գրանցած արդյունքը անսպասելի է նաև հենց հավաքականի համար։ Այս մասին ասել է թիմի առաջատար Գաբրիել Սարգսյանը` ՖԻԴԵ–ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանելով համաշխարհային օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրում մեր հավաքականի հերթական հաղթանակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի թիմը Ադրբեջանին հաղթել է 3:1 հաշվով և 17 միավորով առաջին տեղն է կիսում Ուզբեկստանի թիմի հետ։
«Ադրբեջանի դեմ պայքարը միշտ էլ նյարդային է լինում, քանի որ շատ ուժեղ թիմ է, անգամ առանց Ռաջաբովի։ Մրցամարտի սկիզբը լավ ստացվեց, քանի որ Մամեդյարովը սխալ թույլ տվեց սկզբնախաղում։ Ոչ միայն շախմատային աշխարհի համար է անակնկալ մեր արդյունքը վերջին տուրից առաջ, այլև մեր թիմի համար է անսպասելի, քանի որ խաղում ենք առանց Լևոն Արոնյանի (2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը ներկայացնում է ԱՄՆ-ն. խմբ)։ Անկախ նրանից, թե ինչ կլինի վերջին տուրից հետո, մեր թիմի համար արդեն շատ լավ արդյունք է»,– ասել է Գաբրիելյանը։
Նա նշել է, որ չգիտի Հայաստանի հավաքականի հաջողության գաղտնիքը։
«Յուրաքանչյուրն էլ սիրում է իր երկիրը, և օլիմպիադան առանձնահատուկ մրցաշար է։ Բոլորն էլ ցանկանում են առավելագույնն անել։ Բոլորս թիմում շատ լավ ընկերներ ենք։ Գուցե դա առավելություն է տալիս։ Շատ լավ մթնոլորտ է թիմում։ Հնարավոր է՝ որոշ թիմերում չկա այդ լավ մթնոլորտը»,- ասել է շախմատիստը։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):
Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում կանցկացվի 11 տուր: