Ամոթը կլինի այն, որ մենք չպայքարենք խաղադաշտում. Եղիշե Մելիքյան

Եղիշե Մելիքյան. Արխիվային լուսանկար
Անդրադառնալով «Ցրվենա Զվեզդայի» հետ նախորդ խաղին, մարզիչը նշել է, որ 0:5 հաշվով պարտությունը ցավոտ էր, ու ինքը բոլորից ներողություն է խնդրում դրա համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: Այսօր հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում հայտարարեց, որ նախորդ խաղի համեմատ 4 ֆուտբոլիստ է պակասել:

«Վաղը մեզ համար դժվար խաղ է լինելու, ունենք կորուստներ: Նախորդ խաղի համեմատ 4 ֆուտբոլիստ չկա: Երկուսը ջերմություն ունեն, երկուսը՝ վնասվածք: Անուններ չեմ ասի, որպեսզի մրցակցի գործերն ավելի չհեշտացնեմ, առանց այդ էլ նրանք մտածում են, որ շատ հեշտ խաղ կլինի իրենց համար: Տղաներ կան, որ վստահել ենք իրենց, ու վաղը կլինեն մեկնարկային կազմում»,- ասաց Մելիքյանը:

Անդրադառնալով «Ցրվենա Զվեզդայի» հետ նախորդ խաղին, մարզիչը նշել է, որ 0:5 հաշվով պարտությունը ցավոտ էր, ու ինքը բոլորից ներողություն է խնդրում այդ հաշվի համար:
«Սպորտում պարտվելը ամոթ չէ: «Փյունիկը» ցույց է տվել, որ հաղթող թիմ է: Ամոթը կլինի այն, որ մենք չպայքարենք խաղադաշտում: Ճիշտ է, մեր շանսերը 1 տոկոս են, բայց պետք է բոլորը տեսնեն, որ «Փյունիկը» հեշտ չի հանձնվելու»,- ասաց Մելիքյանը:
Նշենք, որ «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին։ Սկիզբը՝ ժամը 21:00-ին: