Ներկայումս ընթանում է տոտալ քարոզչություն, որի արդյունքում Ադրբեջանում տեղի են ունենում շիական խորը համոզմունքների և ֆանատիզմի բացառիկ դրսևորումներ, ինչից այսօր վախենում է սուննիական դրոշ բարձրացրած ադրբեջանական իշխանությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը։
Նշենք, որ վերջին օրերին մեծ չափեր է ընդգրկել Իրանից եկող սոցցանցային ոչ պաշտոնական, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական բողոքի ալիքը այն բանից հետո, երբ Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենը զգուշացրել է ծնողներին՝ չթույլատրել աշակերտներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։
«Այն մեթոդաբանություը, որով առաջնորդվում է Ադրբեջանի իշխանությունը, այսինքն` ուղղակի փորձում է բռնաճնշումներ գործադրել շիա հավատացյալների զանգվածի մեջ արմատական բեկում առաջացնելու նպատակով կամ նրան վերջնականապես զսպելու համար, չի կարող որևէ կերպ նպաստել իրավիճակի կայունացմանը»,– ասաց Խաչատրյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանի իշխանությունը երբեք չի կարող կանխատեսել, թե այդ լատենտ, չերևացող զարգացումները, որոնք ընթանում են հավատացյալ զանգվածի ներսում, որտեղ կպայթեն և ինչի կհանգեցնեն, հետևաբար շիաների նկատմամբ վարվող քաղաքականությունն անհեռատես է։
Կրոնագետի բնութագրմամբ` իսլամի հետևորդները հավատացյալների այն բազմությունն է, որը այս կամ այն համակարգային համոզմունքների կողմնակից է, և այս տեսակետից նաև Ադրբեջանի շիաների շահերը պետք է պաշտպանեն Իրանն ու Իրաքը, առավել ևս, որ Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում և Արաբական թերակղզում սփռված հավատացյալների զանգվածներն ընդգրկված են համաշիայական օրակարգի շրջանակում։
«Խնդիրն այն է, թե ում կողմից է Ադրբեջանի իշխանությունը, և այդ տեսակետից` իրադարձությունները ցույց են տալիս, որ վերջինս սունիական զարգացումների ջատագովն է և գտնվում է Թուրան ծրագրի իրագործման շրջանակում»,– նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Լոնդոնում օգոստոսի 4-ին Ադրբեջանի դեսպանատան տարածք էին ներխուժել արմատական շիայական ցանցի կազմակերպություններից մեկը ներկայացնող ցուցարարները։ Նրանք բողոքում էին Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքից։