ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի ու Գորլովկայի շրջանները՝ արձակելով 152 միլիմետր տրամաչափով 10 և 155 միլիմետր տրամաչափով 15 արկ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում:
Ներկայացուցչությունը նաև գնդակոծություններ է արձանագրել Զայցևո Յուժնոյեու Նովոսելովկա բնակավայրերի տարածքում, ուկրաինական զորքերը 120 միլիմետր տրամաչափով 35 արկ են արձակել:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հեռավորության վրա, քաղաքում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնն ու ածխարդյունահանող ձեռնարկություններ: Գորլովկան ԴԺՀ խոշորագույն բնակավայրերից է, հանրապետության վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականից: Մինչ Դոնբասում հակամարտության սկսվելը Գորլովկայի բնակչությունը ավելի քան 250 հազար մարդ էր։ Այստեղ առավել հաճախակի գնդակոծությունների են ենթարկվում ծայրամասերում գտնվող Զայցևո ավանը և Գագարինի անվան ու 6/7 հանքահորի ավանները։
155 միլիմետր տրամաչափի հրետանին կիրառվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։ Ուկրաինայում նման տրամաչափի համար մշակվել ու պատրաստվել է միակ «Բոգդանա» ինքնագնաց հրետանային անիվային կայանքը: Ավելի վաղ ԱՄՆ-ն Կիևին 155 միլիմետր տրամաչափի M777 հեռահար հաուբիցներ էր մատակարարել, ուկրաինական զորքերն արդեն օգտագործել են դրանք քաղաքների, այդ թվում՝ Դոնեցկի գնդակոծման համար, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 165-րդ օրը։