ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։
Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան, Էլինա Դանիելյանը պարտություն կրեց։
Հայաստանի հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։
Նախորդ տուրերում կանայք առավելության էին հասել Բոցվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ, պարտվել էին Էստոնիային (1,5:2,5) ու Վրաստանին (1,5։3,5)։
Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականն այսօր պարտվել է Ուզբեկստանի թիմին։
Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադայում 11 տուր կանցկացվի։ Այն կավարտվի օգոստոսի 10-ին։
Հավելենք, որ Հայաստանը 3 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012 թթ.)։