Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին

Հայաստանի շախմատի հավաքականը
Օլիմպիադայի ավարտից 2 տուր առաջ մեր հավաքականը 15 միավորով երկրորդ հորիզոնականն է կիսում Հնդկաստանի երկրորդ թիմի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային շախմատային 44-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում պարտվեց Ուզբեկստանի թիմին 1:3 հաշվով և 15 միավորով երկրորդ հորիզոնականն է կիսում Հնդկաստանի երկրորդ թիմի հետ: Տեղեկությունը հայտնում է FIDЕ-ն։
Սա մեր հավաքականի առաջին պարտությունն էր այս մրցաշարում։
Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով ոչ–ոքի խաղաց Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, Հրանտ Մելքումյանն էլ սպիտակներով ոչ–ոքի խաղաց Նոդիրբեկ Յակուբոևի հետ։
Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ջավոխիր Սինդարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովին։ Ուզբեկստանը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել՝ ԱՄՆ-ի հետ, հաղթել Հնդկաստանի թիմին (2,5:1,5):
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադայում 11 տուր կանցկացվի։ Այն կավարտվի օգոստոսի 10-ին։