Հրդեհ Երևանում՝ վերելակի հորանում, կան տուժածներ. բնակիչները տարհանվում են

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ․ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Ժամը 13։15-ի դրությամբ տարհանվել է 62 քաղաքացի։