ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 7 հոգի ծխահարվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Տուժածներից 5–ը «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել, իսկ 2-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։ Վերջիններս մայր ու որդի են»,– նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով` չնայած բոլորը ծխահարվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 11։47-ին։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 տասնութ հարկանի շենքի 8-րդ հարկի մակարդակում՝ մալուխների հորանում, և տարածվել 0-ից 17-րդ հարկ։
Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ․ մոտ 85 քաղաքացի տարհանվել է։
Այրվել են մալուխներ, էլեկտրական հաշվիչներ, 8-րդ հարկում՝ 3 բնակարանի մուտքի դուռ (երկուսը՝ ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի), շքամուտքը՝ ամբողջությամբ, որպես խորդանոց օգտագործվող 4 դարակաշար և 1-ին հարկում գտնվող գրախանութ-տպարանում՝ մոտ 2 խմ գիրք և թղթեր: