ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը Թայվանի շուրջ զանգվածային զորավարժությունների 4-րդ օրն այդ ուղղությամբ 22 ռազմական ինքնաթիռ է ուղարկել և 14 ռազմանավ։ Այս մասին հաղորդում է կղզու պաշտպանական գերատեսչությունը:
Ինչպես նշվում է գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում, Չինաստանը երեք H-6 ռմբակոծիչ է ուղարկել, չորս J-11 կործանիչ, վեց J-16 և ութ Սու-30, ինչպես նաև Y-8 հականավային ինքնաթիռ:
Ընդհանուր առմամբ Թայվանը Չինաստանից ռազմական ավիացիայի ինքնաթիռի 66 թռիչք է արձանագրել:
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը այսօր, համաձայն պլանի, շարունակել է զորավարժությունները Թայվանի ափերի մոտ։
Նշենք, որ օգոստոսի 4-ից Չինաստանի ԶՈւ-ն հրթիռների, ավիացիայի և ռազմանավերի օգտագործմամբ լայնածավալ զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ։ Իրավիճակը տարածաշրջանում սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին այցելեց Թայվան։ Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը կղզի է այցելել վերջին 25 տարվա ընթացքում։