Բրիտանացիները գնաճի պատճառով սկսել են ավելի հաճախ հրաժարվել ընտանի կենդանիներից

Արխիվային լուսանկար
Նախորդ տարվա համեմատ ընտանի կենդանիների սննդի գներն աճել են 20 տոկոսով, անասնաբույժների ծառայությունները նույնպես թանկացել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Բրիտանացիները սկսել են ավելի հաճախ դիմել կենդանիների փրկության բարեգործական կազմակերպություններին ու կենտրոններին՝ փոխանցելու իրենց կենդանիներին, որոնց՝ գների աճի պատճառով այլևս չեն կարողանում պահել։ Տեղեկությունը հայտնում է Mirror-ը:

«Կենդանիների տերերը ստիպված են ընտրություն կատարել տների ջեռուցման, երեխաների սննդի ու շան միջև»,- թերթը մեջբերում է Dogs Trust բարեգործական կազմակերպության գործառնությունների գծով տնօրեն Ադամ Քլոուզի խոսքը:

Նշվում է, որ Dogs Trust-ն այս տարի 18 հազար զանգ է ստացելայն մարդկանցից, որոնք այլևս չեն կարող թույլ տալ իրենց կենդանի պահել։ Նախորդ տարվա առաջին յոթ ամիսների համեմատ դիմումների քանակը 55 տոկոսով աճել է։ Կազմակերպությունը շաբաթական 200 կենդանի է ընդունում ու խնամակալների կարիք ունի, որոնք կարող են հոգ տանել կենդանիների մասին նախքան նոր ընտանիք գտնելը:
Պարբերականը նշում է, որ ընտանի կենդանիների սննդի գներն անցյալ տարվա համեմատ աճել են 20 տոկոսով, անասնաբույժների ծառայությունները նույնպես թանկացել են:
Շների զանգվածային սպա՞նդ, թե՞ ապատեղեկատվություն. ՀՀ–ում քանի՞ շուն են քնեցրել և ինչո՞ւ
Թերթի տվյալներով՝ Բրիտանիայում կատու պահելը, որպես կանոն, տերերի վրա նստում է տարեկան 1 500 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 800 ԱՄՆ դոլար), իսկ շան վրա նրա ողջ կյանքի ընթացքում ծախսվում է 30 հազար ֆունտ ստեռլինգ (36,2 հազար ԱՄՆ դոլար):