ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի հյուպատոսին այն բանի համար, որ նա, իբր, սպանել է իր ամուսնուն, իսկ հետո փորձել է թաքցնել հանցագործությունը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ոստիկանությունը նշում է, որ Գերմանիայի հյուպատոս Ուվե Հերբերտ Խանը հայտնել է իշխանությանը, որ իր ամուսինը՝ Բելգիայի քաղաքացի Վալտեր Անրի Մաքսիմիլիան Բիոտը վատացել է ուրբաթ երեկոյան, նա ընկել է ու հարվածել է գլուխը, ինչի պատճառով մահացել է: Սակայն, ըստ ոստիկանության, հանցանշանները ցույց են տալիս, որ Բիոտին ծեծել են։
«Իրադարձությունների վարկածը, որը հյուպատոսը հայտնել է, անհամատեղելի է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների հետ»,- գործակալությունը մեջբերել է Բրազիլիայի ոստիկանության ներկայացուցիչ Կամիլա Լոուրենկոյի խոսքը:
Փորձաքննության ընթացքում զոհի մարմնի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ, որոնք ցույց են տալիս, որ նրան հարվածել են ոտքերով ու ծեծել գլանաձև առարկայով:
«Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ օրը ձերբակալել է գերմանացի դիվանագետին այն բանի համար, որ նա ենթադրաբար սպանել է իր ամուսնուն»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ: