ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում վթարի դեպքում աղետ տեղի կունենա, որը մասշտաբներով կգերազանցի Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ԱԷԿ-ների վթարների հետևանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ ռադիացիոն վարակի գոտում (ավելի քան 5,3 հազար քառակուսի կիլոմետր, մոտ 420 կիլոմետր երկարություն) կհայտնվի Կիևի, Զապորոժիեի, Խարկովի, Պոլտավայի, Խերսոնի, Օդեսայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Վիննիցայի մարզերի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Ռուսաստանի և Բելառուսի սահմանամերձ շրջանների, ինչպես նաև Մոլդովայի, Բուլղարիայի և Ռումինիայի բնակչությունը:
«Սև ծովն ու Բոսֆորի նեղուցը երկար ժամանակ ոչ պիտանի կդառնան նավագնացության համար։ Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի, Բուլղարիայի և Ռումինիայի ափերը կվարակվեն ռադիացիայի բարձր մակարդակով», - հավելել է գեներալը։
Միզինցևը նշել է նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով ընդունված միջազգային կոնվենցիայի համաձայն, Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը գնահատում է որպես միջուկային ահաբեկչության ակտ:
Օգոստոսի 5-ին ուկրաինացի զինվորականները աշխատակիցների պլանային հերթափոխի ժամանակ հարվածներ են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման երկու գծեր և ջրագիծ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։