ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:
Իրենց պարտիաները ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Վերջինը մնացել էր Գաբրիել Սարգսյանի պարտիան Հարիկրիշնա Պենտալայի հետ: Նա հաղթեց հնդիկ գրոսմայստերին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթել է 2006, 2008 և 2012 թվականներին։ Եվ այսօր, չնայած Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն, նրանք միանձնյա առաջատար են։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գաբրիել Սարգսյանը հաղթեց նախ Կարուանուին, ապա Հարիկրիշնային»,- գրում է chess24.com պարբերականը։
Վաղը՝ օգոստոսի 7-ին, կկայանա մրցաշարի 9-րդ տուրը:
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։