ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ծրագրում է ֆիլմ նկարահանել Հայկական ԽՍՀ-ի պետական բանկի կողոպուտի մասին։ Նա այդ մասին գրել է տելեգրամյան ալիքում։
«Հաջորդ տարի աշնանը մեր կինոընկերությունը կէկրանավորի այս պատմությունը։ Սցենարն արդեն գրված է: Ցավոք, այս տարի ժամանակը բավարար չէր, բայց հաջորդ տարի ամեն ինչ կանենք լավագույն ձևով։ Մենք երկար տարիներ սպասում ենք դրա էկրանավորմանը»,- նշել է Անդրեասյանը։
Նրա խոսքով` դա ոչ թե պատվեր է, այլ իրենց անձնական նախաձեռնությունը:
Հիշեցնենք` ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամենախոշոր և եզակի դեպքը, որը տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին, իրագործել են եղբայրներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները։ Նրանք գողացել են շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի։ Կալաչյան եղբայրները ձերբակալվելուց հետո դատապարտվել են գնդակահարության։