ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական համագործակցության" ճանապարհային քարտեզ են ստորագրել և մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադառնալիս։
«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ առևտրում մեր նպատակը 100 մլրդ դոլարն է։ Այդ ուղղությամբ մենք ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը։ Մենք վճռական ենք, որպեսզի երկկողմ առևտրի ավելի հավասարակշռված ծավալ ապահովվի։ Փոխըմբռնման հուշագիրը` առևտրատնտեսական հարաբերությունների «ճանապարհային քարտեզը», Սոչիում ստորագրեցին մեր առևտրի նախարարն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ինչպես առևտրատնտեսական հարաբերություններին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ուկրաինական հարցին, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։