Օդեսայի նավահանգստից դուրս եկած բեռնանավը հասել է Ստամբուլ

Համատեղ համակարգող կենտրոնն առաջիկա ժամերին կզննի նավը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Օդեսայի նավահանգստից դուրս եկած նավը, որը 33 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում, հասել է Ստամբուլ։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Պանամայի դրոշի ներքո լողացող «Navistar» նավը, որը մեկնելու է Իռլանդիա, հասել է Ստամբուլի հյուսիսում նշանակված վայր և խարիսխ գցել։ Համատեղ համակարգող կենտրոնն առաջիկա ժամերին կզննի նավը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Ինչպես է պարենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել Ստամբուլ. տեսանյութ
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Երեկ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից երեք նավ է ուղևորվել դեպի Թուրքիա, դրանցից մեկը «Navistar»-ն է։