ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը օգոստոսի 6-15-ը մարտական հրաձգությամբ զորավարժություններ է անցկացնելու Դեղին ծովի հարավային մասում: Տեղեկությունը հայտնում է Չինաստանի Ծովային անվտանգության վարչությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի ֆոնին չինական բանակը ամսվա սկզբից մի շարք զորավարժություններ է անցկացնում տարբեր շրջաններում:
Հուլիսի 30-ին վարժանքներ են անցկացվել Արևելաչինական և Հարավչինական ծովերում, օգոստոսի 1-4-ը՝ Բոհայի ծոցի ջրատարածքում, օգոստոսի 2-6-ը` Հարավչինական ծովում:
Իսկ Թայբեյի օդանավակայանում Փելոսիի վայրէջքից հետո ՉԺՀ-ի բանակը վարժանքներ է սկսել հենց կղզու մերձակայքում: Օգոստոսի 4-ից հրթիռների, ավիացիայի և ռազմանավերի կիրառմամբ մասշտաբային զորավարժություններ են անցկացվում կղզու շուրջ գտնվող ջրատարածքի վեց շրջաններում։
Հիշեցնենք` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թայվան այցելեց օգոստոսի 2-ին։ Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը կղզի է այցելել վերջին 25 տարվա ընթացքում։
ԱՄՆ-ի վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը նախազգուշացրել է, որ կրակի հետ խաղացող մարդը կարող է այրվել, Պեկինին հավաստիացրել է, որ հետ չի կանգնում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։
Արդյունքում այդ այցը Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլի խթան հանդիսացավ։ Բացի օգոստոսի 4-ից մինչև 7-ը զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարելուց, Պեկինը պատժամիջոցներ է սահմանել թայվանական երկու հիմնադրամների դեմ, դադարեցրել է բնական ավազի արտահանումը կղզի և Թայվանից ցիտրուսային մրգերի ու ձկնամթերքի որոշ տեսակների ներմուծումը, իսկ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև հասկացրել է, որ այցի բոլոր բացասական հետևանքները դեռ առջևում են, և դրանց պատասխանատվությունը կրելու են Վաշինգտոնն ու Թայբեյը։