ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանում սուբվենցիոն ծրագրով ջրամատակարարման ցանց է կառուցվում, իսկ Երվանդաշատում փողոցների ասֆալտապատում է իրականացվում։ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը երեկ այցելել է Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր և ծանոթացել աշխատանքներին։
Երվանդաշատում 30.5 մլն դրամ պայմանագրային արժեքով մեկնարկել է Ազատության և Սահմանապահների փողոցների ասֆալտապատման ծրագիրը՝ 2510 քմ մակերեսով և 40% պետության համաֆինանսավորմամբ: Իսկ Բագարանում 151 մլն 344 հազար դրամ պայմանագրային արժեքով մեկնարկել են ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման աշխատանքները՝ 70% պետության համաֆինանսավորմամբ:
Մարզպետին ներկայացվել է, որ բնակավայրը խորհրդային տարիներին՝ 1970-ական թվականներից մինչև 1989-ը, ունեցել է ջրամատակարարման ներքին ցանց, որը գործել է միայն համայնքի գլխավոր փողոցում և ժամանակի ընթացքում քայքայվել է, ենթարկվել կոռոզիայի։ Բնակիչները խմելու ջրի կարիքները տարիներ շարունակ հոգում են գյուղի մոտակա տարածքի բնական աղբյուրներից, որոնք 1 կմ և ավելի հեռավորության վրա են գտնվում:
Մեկնարկած ծրագրով նախատեսվում է կառուցել Բագարանի ջրամատակարարման ներքին ցանցը. ծրագրի ավարտին բնակավայրի 145 տնտեսության համար կապահովվի 24-ժամյա ջրամատակարարում։