Արցախի հատվածը պատրաստ է, ՀՀ-ինը` ոչ. Խանումյանը խոսել է այլընտրանքային ճանապարհի մասին

Լաչինի միջանցք
Հայկ Խանումյանն ասել է, թե ինչպես կկազմակերպվի այլընտրանքային ճանապարհով երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արցախից Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին Շեն, Մեծ Շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման, արդեն պատրաստ է։ Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Նրա խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11-կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։
«Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այսկերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին, մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,- ասել է Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։
Նա նշել է, որ 5-կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ, ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու։ Այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։
Այս պահին, ըստ նրա, այդ այլընտրանքային ճանապարհի երկայնքով կապի և բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներն են ընթանում։
Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչությանը պատրաստում է տարհանման
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնեց, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։