Սոչիում ավարտվել են Պուտինի ու Էրդողանի բանակցությունները

Սոչիում ավարտվել են Պուտինի ու Էրդողանի բանակցությունները
Հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. Սոչիում ավարտվել են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել։

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը «Թուրքական հոսքը» անվանել է Ռուսաստանի՝ Եվրոպա գազ մատակարարելու կարևորագույն զարկերակ և ընդգծել, որ դրա համար տարածաշրջանի գործընկերները պետք է շնորհակալ լինեն Անկարային։

Բացի դրանից, Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման հարցը լուծելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ կստորագրվի առևտրատնտեսական կապերի զարգացման մասին հուշագիր։ Բացի այդ, ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։
Թուրքիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ երկրների ղեկավարները համագործակցության հարցերում պետք է նոր էջ բացեն։
Այս ամենին զուգահեռ, նա կոչ է արել «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության մեջ որևէ խափանում թույլ չտալ։
ՌԴ և Թուրքիայի նախագահները հաստատել են հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել տրանսպորտի, առևտրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության համար ու միմյանց ընդառաջ գնալ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ–ի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը. Կրեմլ
Այս ամենից բացի, Պուտինն ու Էրդողանն ընդգծել են «պարենային գործարքի» վերաբերյալ կառուցողական որոշումների կարևոր դերը և հայտարարել են ստամբուլյան համաձայնագրերի ամբողջական կատարման անհրաժեշտության մասին։
Բանակցություններն անցկացվել են Սոչիի «Ռուս» առողջարանի տարածքում։ Պետությունների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել, ինչպես նաև պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Լրագրողներին ցույց են տվել հանդիպման սկիզբը, այնուհետև այն շարունակվել է ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով։